Manifesto Armenien


Ովքե՞ր ենք մենք (հուլիս 2023)

Մենք՝ հետխորհրդային տարածքի և դրան հարող շրջանների` հանուն խաղաղության հանդես եկող մի խումբ մարդիկ, հյուծված անվերջանալի պատերազմներից, գերտերությունների մրցակցությունից, բռնապետական կառավարումից, փակ սահմաններից, աճող ազգայնականությունից,  ռասիզմից և ապամարդկայնացումից, հայրիշխանական ​​բռնությունից, շրջակա միջավայրի ոչնչացումից և հեգեմոն բռնության այլ տեսակներից,  միավորվում ենք համերաշխության նախաձեռնության շուրջ, որպեսզի`

o պայքարենք անհավասարության, անարդարության և բռնության ճնշող այլ ձևերի դեմ;

o դիմադրենք կայսերատիրական, ծավալապաշտական ​​և ազգայնական նոր պատերազմների աճող սպառնալիքներին;

o հանդես գանք ընդդեմ ռազմականացման և այն գաղափարի, որ խաղաղության կարելի է հասնել հարձակողական ռազմական միջոցներով;

o սատարենք խաղաղության այլընտրանքային հայեցակարգերին, որոնք կապված են մարդկանց առօրյա կյանքի հետ;

o աջակցություն ցուցաբերենք պատերազմներին դեմ հանդես եկող  և խաղաղությանը միտված հետխորհրդային տարածքում և անդին ապրող բոլոր մարդկանց՝ անկախ նրանց ազգությունից;

o առավել լսելի դարձնենք քաղաքական, տնտեսական և սոցիալական բռնություններից տուժած մարդկանց ձայները;

o ստեղծենք պայմաններ տարբեր ինքնություն ունեցող մարդկանց խմբերի խաղաղ համակեցության համար;

o խաղաղությանն ուղղված գործունեությունը վերադարձնենք քաղաքական դաշտ։

Ինչու՞ հիմա

Խորհրդային Միության փլուզումից ի վեր մենք շարունակաբար առերեսվում ենք ազգայնականությունից բխող բռնությանը։ Մենք ականատես ենք եղել շարունակական պատերազմների և զինված հակամարտությունների Կենտրոնական Ասիայում, Հարավային Կովկասում, Ուկրաինայում, Ռուսաստանում և Մոլդովայում։ 2022 թվականին ռուս-ուկրաինական հակամարտության ռազմական սրացումը պատճառ դարձավ միլիոնավոր մարդկանց կյանքերի կործանման և տնտեսական ու սոցիալական ենթակառուցվածքների ոչնչացման։ Այս ամենը մեզ դրդում է կոնկրետ գործողություններ ձեռնարկել` ընդդեմ պատերազմների և հանուն խաղաղության՝ ինչպես հետխորհրդային տարածաշրջանում, այնպես էլ աշխարհում։ Միանշանակ դատապարտելով՝ մենք ընդդիմանում ենք Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժմանը և ընկալում ենք սա որպես հստակ շրջադարձային կետ այն աշխարհակարգում, որը հաստատվել էր Խորհրդային Միության փլուզումից հետո։ Ներկայումս շատերի հակապատերազմական տրամադրությունները, որոնք պայմանավորված են Ուկրաինայում կիրառվող չհիմնավորված ռազմական բռնությամբ և ընդգծված դաժանությամբ, պետք է վերածվեն ավելի խաղաղ, համագործակցային և ապառազմականացված աշխարհի կառուցմանը միտված ժողովրդական պահանջի:

Աշխարհն այժմ գնալով ավելի է բևեռացվում: Ամենառազմականացված և հզոր գերտերությունները բացահայտորեն թևակոխում են աշխարհում իշխանության վերաբաշխմանն ուղղված մրցակցության մի նոր շրջափուլ: Ռազմականացված իմպերիալիզմն ու ազգայնականությունը

գերիշխում են համաշխարհային և տարածաշրջանային քաղաքականության մեջ:

Ամբողջ աշխարհում կրթությանը, գիտությանը և սոցիալական բարեկեցությանը ուղղված պետական ծախսերը նվազում են, մինչդեռ ռազմական ծախսերը՝ շարունակաբար

աճում։ Աճում է նաև տնտեսական ռեսուրսների շուրջ մրցակցությունը։ Ազգայնականությամբ հիմնավորված տարածապաշտական պատերազմներն գործիք են դառնում ավելի ու ավելի դժգոհ հասարակությունների ուշադրությունը շեղելու ու տարբեր սոցիալական և ինքնութենական խմբերին ճնշելու համար: Արդյունքում, համաշխարհային միջուկային պատերազմը, որը կարող է ոչնչացնել կյանքը մեր մոլորակի վրա, դարձել է հավանական սցենար:

Լիբերալ խաղաղաշինությունը, որը հետխորհրդային տարածքն օգտագործեց որպես նոր շուկա միջազգային կազմակերպությունների համար, չկարողացավ ուղերձել և կանխել էթնո-ազգայնական բռնության և գաղութատիրական նվաճումների աճը: Ընդհակառակը, այն հանգեցրեց խաղաղաշինական ակտիվիզմի բյուրոկրատացմանը, ապաքաղաքականացմանը և սահմանափակմանը: Մենք՝ հետխորհրդային տարածքում ապրողներս, նույնպես չկարողացանք միասնականորեն դիմակայել լիբերալ ​​խաղաղաշինության «քաղաքակրթական» մոտեցմանը և ցրել այն պատրանքը, թե մեր հասարակություններում նեոլիբերալ քաղաքականության միջոցով հնարավոր է կառուցել կենսունակ ժողովրդավարություն: Ավելին, պետության կողմից հովանավորվող ազգայնական նարատիվները շեղել են մեզ սոցիալ-տնտեսական զրկանքների իրական պատճառներից, ինչպիսիք են սոցիալական և տնտեսական անհավասարությունները, հայրիշխանությունը և բնության նկատմամբ շահագործող վերաբերմունքը:

Մեր համոզմունքները եւ նպատակները

Մենք հավատում ենք, որ կարող ենք կառուցել շատ ավելի խաղաղ աշխարհ, քանզի մենք չենք ցանկանում նոր կայսերական, տարածապաշտական ​​և ազգայնական պատերազմներ: Դրանք չեն ծառայում մարդկանց և ակնհայտորեն հակասում են նրանց առօրյա շահերին ու կարիքներին։

Մեր հիմնական ցանկությունն է դադարեցնել շարունակվող անարդարությունն ու հալածանքները և կանխել ապագա պատերազմները, որոնք նախաձեռնվում են քաղաքական և տնտեսական էլիտաների ու արմատական ազգայնականների կողմից` հանուն իրենց շահերի։ Մենք հավատում ենք համաշխարհային քաղաքականությանը մասնակցելու յուրաքանչյուրի իրավունքին։

Կարևոր է նաև նորմալիզացնել խաղաղաշինական գործընթացում այն սոցիալական խմբերի մասնակցությունը, որոնք չեն բնորոշվում միայն էթնիկությամբ և ազգային պատկանելիությամբ:

Մենք հավատում ենք այլընտրանքային էգալիտար աշխարհի  գոյության հնարավորությանը` առանց պարտադրանքի, մրցակցության և բռնության: Մենք հավատում ենք ռեսուրսների արդար բաշխմամբ և արդար աշխատավարձով աշխարհին՝ առանց անհատների, համայնքների և շրջակա միջավայրի շահագործման, առանց աղքատության, խտրականության և ճնշումների: Մենք հաստատակամ ենք մեր ցանկության մեջ՝ աշխատելու նման աշխարհ կառուցելու ուղղությամբ՝ ակտիվորեն հակադրվելով ռազմականացմանը, բռնապետությանը, անարդարությանը, ատելությանը, ռասայական խտրականությանը և այլատյացությանը:

Մենք ընդունում ենք, որ խաղաղ գոյակցության համար աշխարհին անհրաժեշտ է գաղափարների բազմակարծություն և նարատիվների բազմազանություն: Այնուամենայնիվ, մենք մերժում ենք խտրականության և ճնշումների տանող գաղափարական հակադրություններն, ինչպիսիք են ազգայնական, կայսերական, նեոլիբերալ և բռնապետական քաղաքականությունները: Մենք համոզված ենք, որ կայսերականությունը, ազգայնականությունը և նեոլիբերալ տնտեսական մոդելը հակված են ճնշել անհատներին, համայնքներին և տարբեր սոցիալական խմբերին։

Քանի որ կրթությունն ունի քննադատական ​​մտածողություն զարգացնելու և ճնշումների գերիշխող գաղափարներին այլընտրանքներ ստեղծելու ներուժ, մենք գիտակցում ենք բոլոր մարդկանց համար որակյալ կրթության առկայության կարևորությունը՝ անկախ նրանց սոցիալ-տնտեսական կարգավիճակից:

Ժամանակն է, որ խաղաղությանը միտված աշխատանքն ինքնուրույն քաղաքական ուժ դառնա, որպեսզի խաղաղության կուսակցությունը հաղթի պատերազմի կուսակցությանը։ Մենք չենք համագործակցում որևէ պետության կառավարության հետ և աշխատում ենք միայն ի շահ մարդկանց՝ անկախ նրանց ազգությունից և քաղաքացիությունից՝ հավատալով մարդկանց՝ ամենուր խաղաղ գոյակցելու իրավունքին:

Ի՞նչ ուղղություններով ենք մենք աշխատում

Մենք հավատում ենք, որ մեր պատկերացրած աշխարհը կառուցելու համար առաջին քայլը պետք է լինի հստակ հակառազմական, հակապատերազմական և խաղաղության օրակարգերով առաջնորդվող համերաշխության ցանցերի համախմբումը հզոր անդրազգային ժողովրդավար խաղաղության շարժման շուրջ։ Շարժում, որտեղ չեն լինի սահմաններ, կոնֆորմիզմ և մրցակցություն: Մենք կաջակցենք բաց և կառուցողական միջմշակութային հակապատերազմական երկխոսությանը հետխորհրդային տարածքի մարդկանց տարբեր խմբերի միջև։

Մենք կօգտագործենք մեր մասնագիտական կարողությունները՝ աջակցելու պատերազմից տուժած մարդկանց և համայնքներին՝  նրանց սոցիալական կարիքները բավարարելու և իրավունքները պաշտպանելու համար: Մենք կօգնենք մարդկանց, ովքեր լքում են իրենց տները պատերազմների և բռնությունների պատճառով, ինչպես նաև քաղաքական և տնտեսական միգրանտներին, ովքեր փնտրում են և ցանկանում են կառուցել ավելի արդար հասարակություններ: 

Մենք կաջակցենք խաղաղասեր մարդկանց՝ կիսելով մեր գիտելիքներն ու փորձը, ինչպես նաև սովորելով նրանցից: Մենք բաց ենք համագործակցության՝ հետխորհրդային տարածաշրջանում և աշխարհում հարկադրանքի վրա հիմնված ուժային քաղաքականությունը քանդելու համար: Մենք մեր ջանքերն ու եռանդը կներդնենք մարդկանց իրազեկելու և խաղաղության գործունեության մեջ ներգրավելու համար։ Մենք կաջակցենք քաղաքացիական հակապատերազմական բողոքի տարբեր ձևերի՝ միավորելով դրանք անդրազգային խաղաղության շարժման մեջ։

Մենք կօգնենք մշակել խաղաղությանն ուղղված ոչ ֆորմալ  կրթական ծրագրեր ու նախաձեռնություններ և դրանք կապել ֆորմալ կրթության ուսումնական ծրագրերի հետ: Հետխորհրդային խաղաղության նախաձեռնությունը կծառայի որպես հարթակ՝ երիտասարդներին խաղաղությանն ուղղված հասարակական և քաղաքական նախաձեռնություններին կապելու համար։

Նախաձեռնությունը կծառայի որպես խաղաղասեր մարդկանց համակարգման և աջակցության հարթակ։ Մենք անկախ ֆինանսավորման հնարավորություններ ենք փնտրելու մեր համատեղ նախաձեռնությունների համար։ Մենք կօգտագործենք  և կզարգացնենք տեղեկատվական տեխնոլոգիաները՝ քարոզելու խաղաղության արժեքները և աջակցելու դրանց գործնական իրականացմանը, ինչպես նաև դիմակայելու զանգվածային և ծայրահեղ աջ լրատվամիջոցներին, որոնք միջխմբային ատելություն են հրահրում: 

Մենք կաշխատենք խաղաղության ակտիվության կոոպտացիային, շուկայականացմանը և մարգինալացմանը դիմակայելու մեխանիզմների մշակման ուղղությամբ: Այս աշխատանքը նպատակաուղղված կլինի խաղաղության գործընթացում խաղաղության ակտիվիստների ձայների օրինականացմանը: